Գյումրիում Երիտասարդական-ուսանողական շաբաթի բացումն ազդարարվել է Յոթ Վերք եկեղեցում երիտասարդների օրհնությամբ
SocietyԳյումրիում, համատեղելով այս տարի նոյեմբերի 10-ին նշվող Երիտասարդության համաշխարհային եւ 17-ին՝ Ուսանողության միջազգային տոները, հայտարարված է Երիտասարդական-ուսանողական շաբաթ: Ինչպես անցած տարիներին, այս անգամ ևս միջոցառումների բացումն ազդարարվեց Սբ Յոթ Վերք եկեղեցում երիտասարդների օրհ նությամբ՝ ձեռամբ թեմի առաջնորդ Միքայել սրբազանի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի ղեկավար Հայկարամ Դրմեյանը այս ընթացքում հագեցած շաբաթ է սպասվում բոլորին, բոլոր ճաշակներին համապատասխան: Ցուցահանդեսներ, շախմատի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, լողի ու ֆուտբոլի առաջնություններ, երգի մրցույթ, մաֆիայի տոնական առաջնություն, ինտելեկտուալ փառատոն, ամփոփիչ երկույթ, իսկ որպես վերջաբան՝ «Բամբիռ» ռոք խմբի համերգը:
«Մի քանի կառույցների մասնակցությամբ ու մի քանի կառույցների աջակցությամբ փորձում ենք այս շաբաթն ավելի հետաքրքիր դարձնել ու ավելի ակտիվացնել երիտասարդներին»,-նշեց Հայկարամ Դրմեյանը՝ ուրախությամբ փաստելով, որ այս շաբաթը կարելի է որպես մեկնարկ ու փորձ համարել հաջորդ տարվա համար. Գյումրին հռչակվել է 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք:
«Գյումրին, ինչպես միշտ, այս անգամ ևս հաջորդ տարի կապացուցի, որ որպես երիտասարդական մայրաքաղաք ճիշտ ընտրություն է կատարված: Գյումրին ակտիվ երիտասարդներ ունի: Հիմա նորից ակտիվությամբ վերականգնում ենք Գյումրու ուսանողական խորհրդի գործունեությունը՝ տարբեր ծրագրերում ընդգրկելով քաղաքում գործող բուհերի ուսանողներին՝ ակտիվացնելով բոլոր ուսանողական խորհուրդներն ու Գյումրու երիտասարդների կյանքը»,-ավելացրեց Հայկարամ Դրմեյանը:
Երիտասարդական-ուսանողական շաբաթվա շրջանակներում միջոցառումների անցկացմանն աջակցում են մարզային ու քաղաքային կառույցները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Արմենուհի Մխոյան