Կատակելը կատակ բան չէ. Արամայիս Սահակյան «Ոզնի» պատկերազարդ հանդեսը 60 տարեկան է
CultureԵրեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առանձնակի շուքով նշվեց «Ոզնի» պատկերազարդ հանդեսի 60 ամյակը: Հանդիսությանը մասնակցում էին անվանի երգիչներ, դերասաններ, հումորի ու խոսքի վարպետներ, ովքեր իրենց պատմություններով ոչ միայն հուզեցին հանդիսության մասնակիցներին, այլև օգնեցին մտքով սավառնել բարի, լուսավոր ու պայծառ հուշերի միջով: Երեկոյի ընթացքում հնչած և վաղուց հուշ դարձած պատմություններն օգնել ու դաստիարակել են մեր հասարակության մի քանի սերնդի, ովքեր մարդկային բարձր արժեհամակարգ ունեցող մեր մեծերից կարողացել են ոչ միայն ապրել ու արարել սովորել, այլև արժանապատիվ կեցվածքով չընկրկել դժվարությունների առաջ: Հանդիսությանը ներկա «Ոզնու» փշերի ծակոցներով կրթված ու դաստիարակված տարբեր սերունդների ներկայացուցիչներին համակել էր ընդհանուր երջանկության ու հպարտության զգացումը, որը մեկ անգամ հաստատեց այն միտքը, թե մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում …
«Ոզնի» երգիծական պատկերազարդ հանդեսի մասին
«Ոզնի»-ն լույս է տեսնում 1954 թվականից Երևանում: Հանդեսի հիմնադիր-խմբագիրը եղել է հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Հրաչյա Քոչարը։ 1955-1981թթ. «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Գրիգոր Տեր-Գրիգորյանը՝ մտերիմների շրջանում հայտնի Գիգին։ 1982-2013 թվականներին «Ոզնի» երգիծական հանդեսը ղեկավարել է հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս, բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ Արամայիս Սահակյանը։ Նրա մահից հետո «Ոզնի»-ն շարունակում է լույս տեսնել Արամայիս Սահակյանի այրու՝ Աստղիկ Սահակյանի նվիրման ու ջանքերի շնորհիվ:
Արմինե Գրիգորյան