Ո՞ր դեպքում ընտանեկան բիզնեսը կազատվի հարկերից
EconomicsԱԺ-ում Հարկերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ եթե ընտանիքի անդամները զբոսաշրջության զարգացման համար սեփական տունը տալիս են վարձակալությամբ եւ աշխատում են բացառապես ընտանիքի անդամներով, ապա ազատվում են պետական հարկից:
Միրումյանը խոսեց նաեւ վերահսկողության մեխանիզմների մասին. «Վերահսկողության մեխանիզմներ էլ կան, բայց հարկային վարչարարության տեսանկյունից պետք է խոստովանենք, որ կա արդյունավետության տեսանկյուն եւ նման ձեռնարկատիրությունը պետությանը հետաքրքիր չէ: Տեղեկությունները հավաքագրվում է տեղում»,- նշեց Վ. Միրումյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց նախարարի տեղակալին՝ հետաքրքրվելով, թե արդյոք կառավարությունը չի պատրաստվում մեծացնել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընտանեկան ձեռնարկատիրության սահմանված շրջանառության չափը՝ 18 միլիոն դրամը, քանի որ օրական շրջանառությունը ստացվում է 40 հազար դրամ: Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Վ. Միրումյանը նշեց, որ այդ շեմը ոչ միայն ցածր չէ, այլ բարձր է:
Սոսե Չանդոյան