Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Իտալիայի Կալյարի քաղաքում
SocietyԻտալիայի Կալյարի քաղաքում նոյեմբերի 6-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երթ անապատում. 1915-2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսը նախաձեռնել և կազմակերպել են «Ojos Design» ու «Suoni&Pause» ընկերությունները՝ հհանձինս Ալբերտո Սոյի և Իրմա Թուջյանի՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Կալյարիի շրջանային ու քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Իտալիայում հայերի միության հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր երկրների 35 արվեստագետների՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրաֆիկական, տեսաձայնային, գրական և այլ ստեղծագործություններ: Ցուցահանդեսի բացման մասնակիցներին ուղղված իր ուղերձում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և 35 արվեստագետներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանն ու ոգեկոչմանն իրենց նպաստը բերելու համար` դրանով իսկ աջակցելով աշխարհում համամարդկային արժեքների, ինչպես նաև արդարության ու խաղաղության տարածմանը: Ցու ցահանդեսը տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Կազմակերպիչները ծրագրել են 2016թ. նույն ցուցահանդեսը բացել նախ Միլանում, ապա՝ Երևանում: