Թբիլիսի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնը ցուցադրել է «Սովորական պատմություն» ներկայացումը
CultureԹբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 9-ին կայացել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» ներկայացման առաջնախաղը՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից, այս մասին տեղեկացրել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով ներկա է գտնվել ներկայացման առաջնախաղին:
«Պետք է ասեմ, որ լեփ-լեցուն դահլիճ էր, և ներկայացումն անցավ շատ մեծ հաջողությամբ: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ ևս ուրախացրեց մեզ, քանի որ մենք տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատող Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Ուրախալի է շատ, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, և նրանց անօթևան մնալը բացարձակապես չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա: Այդ առումոÕ ¾ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թատրոնի ստեղծագործական կազմին, որը դժվարին պայմաններում, այնուամենայնիվ,կարողացավ պահել-պահպանել թատրոնը և շատ հետաքրքիր աշխատել»,-ասել է ՀԹԳՄ նախագահը:
Խոսելով Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ներկայիս վիճակի մասին` Հ. Ղազանչյանը նշել է. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մյուս տարի ամռանը, և թատրոնը կվերաբացի իր դռները հանդիսատեսի առաջ»:
Ներկայացման առաջնախաղին մասնակցել են նաև երջանկահիշատակ թատերագետ Լևոն Մութաֆյանը և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը: