Արմեն Երիցյանը պարգևատրել է նախարարության` ԱՄՆ դեսպանատան գործընկերներին
SocietyՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի կապի պատասխանատու մայոր Ջասթին Թոմաս Ռութլեդջին, միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքոնյանին և Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար մայոր Ջոն Ֆրիլին: Հանդիպման նպատակն է եղել մայոր Ռութլեդջի՝ 2013թ-ից Հայաստանում իրականացվող առաքելության ավարտը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, շնորհակալություն հայտնելով մայոր Ռութլեդջին ՏԿԱԻՆ-ի հետ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության և համատեղ ծրագրերի հաջող իրականացման համար՝ նախարար Երիցյանը նշել է. «2011թ-ին մենք դեռ երազում էինք ունենալ «911» ծառայություն և նոր էինք սկսել ուսումնասիրել ԱՄՆ-ի փորձն այդ բնագավառում, սակայն համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր «911»-ն իր հաստատուն տեղն ունի մեր հասարակության կյանքում և թվում է, թե այդ ծառայությունը միշտ եղել է մեր երկրում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մայոր Ռութլեդջը հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների համակարգում կշարունակվի նույն խորությամբ և բարձր մակարդակով:
Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԱԻ նախարարը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացվող ծրագրերին օգնություն և աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար մայոր Ջասթին Թոմաս Ռութլեդջին պարգևատրել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Նախարար Երիցյանը նաև շնորհակալագրով է պարգևատրել ԱՄՆ դեսպանատան միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքոնյանին:
Մայոր Ռութլիդջը Հայաստանում իր առաջադրանքի կատարման ընթացքում նախաձեռնել և ներկայացրել է ՀՀ տարածքի հրշեջ կայանների գործունեության հայեցակարգը ԱՄՆ եվրոպական հրամանատարությանը, իսկ հայեցակարգի հաստատումը ներկայացրել է ավելի բարձր շտաբերի: Իրականացրել է նաև HCA ծրագիրը, որի շրջանակներում KSNG ինժեներները վերանորոգել են ՀՀ ՏԿԱԻՆ սպորտային սրահի լոգարանը, որպեսզի այն մատչելի դարձնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հետամուտ է եղել խոշոր աղետների դեպքում ճգնաժամային հաղորդակցման և հանրային իրազեկման համար նախատեսվող ծրագրերի գործարկմանը: ԱՄՆ համապատասխան գործակալություններին առաջարկել է իրականացնել հանրային իրազեկման թիմի ճանաչողական այց՝ առաջադեմ փորձի ներկայացման նպատակով: