Գեղարքունիքում անասունների մսուրային շրջանը սկսվել է առանց անասնահամաճարակային բռնկումների
SocietyԱրդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է անասնագլխաքանակի մսուրային շրջանը` առանց անասնահամաճարակների բռնկումների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզի անասնագլխաքանակն արոտի շրջանում ստացել է բոլոր այն պրոֆիլակտիկ միջոցառումները, որոնք նախատեսված են հակահամաճարակային տարատեսակ բռնկումների կանխման համար:
«Արոտի շրջանի ընթացքում թե խոշոր, թե մանր եղջերավոր անասուններն ամբողջությամբ ստացել են պատվաստումներ դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, բրուցելյոզի դեմ: Այդ ժամանակահատվածում որեւէ համայնքում, որեւէ խոշոր տնտեսությունում բռնկումների էական եւ ընդգրկուն դեպքեր չեն արձանագրվել, իսկ առանձին մանր տնտեսություններում նկատված հիվանդությունների դեպքում անասնաբույժների կողմից ձեռք են առնվել համապատասխան միջոցառումներ: Այնպես որ, մսուրային շրջանը մոտ 200 հազար խոշոր եւ մանր եղջերավոր անասունները դիմավորել են առանց անասնահամաճարակ ային լուրջ բռնկումների, միանգամայն առողջ վիճակում»,-հավաստեց գյուղվարչության պետը: Նույն աղբյուրի համաձայն` մարզի տնտեսություններում կուտակված անասնակերը բավարար է` ձմեռացումն առանց կորուստների եւ բավարար կերպով կազմակերպելու համար:
Խոսրով Խլղաթյան