ՀՕՖ-ը վերանորոգել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզը
SocietyՉորաթան գյուղի մանուկներն արդեն կարող են հաճախել ամբողջությամբ նորոգված եւ կահավորված մանկապարտեզի շենք: 1990-ականներին հակառակորդի հարձակումներից խուսափելու համար Չորաթանի մշակույթի տուն տեղափոխված մանկապարտեզը այսքան տարի հիմնովին չէր վերանորոգվել:
Ինչպես փոխանցեցին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղից, սահմանամերձ գյուղի նախակրթարանին աջակցող միջազգային տարբեր կազմակերպություններին այս տարի միացել է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)` իր «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում վերանորոգելով Մշակույթի տան մանկապարտեզին պատկանող հատվածը:
«Մեր մանկապարտեզը դարձել է մի փոքրիկ դրախտավայր: ՀՕՖ-ի կողմից կատարվածը բառերով և թվերով նկարագրել անհնար է: Զարմացած են և՛ ծնողները, և՛ երեխաները: Ծնողները, կատակելով, նշում են, որ այս պայմանների համար էլի են ցանկանում երեխաներ ունենալ»,- բացման արարողության ժամանակ ասաց Չորաթանի մանկապարտեզի տնօրեն Օֆելյա Քալանթարյանը:
«Մեր երկիրը սահմանից է սկսվում, ու եթե բոլորը հասկանան սա ու այս մտածելակերպով առաջնորդվեն, ամեն ինչ լավ կլինի»,- հավելեց ՀՕՖ-ի Կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը:
Ի նշան երախտագիտության Չորաթան համայնքը շնորհակալագրեր հայտնեց «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի բարերար Մարդիկյան ընտանիքին ու ՀՕՖ-ին:
Նախակրթարանին օգնության ձեռք է մեկնել նաեւ Focus on Children Now կազմակերպությունը՝ վերանորոգելով սանհանգույցն ու գույք տրամադրելով: