Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել 16 բուհ
SocietyՀայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել 16 բուհ, ևս չորս բուհի հավատարմագրումն ընթացքի մեջ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
«Մեր հիմնադրամի հիմնական գործառույթն արտաքին որակի ապահովումն է, որի բաղադրիչներից է հավատարմագրման գործընթացը: Հավատարմագրման գործընթաց մեր երկրում ունեցել ենք, բայց այն արդյունավետ չի եղել: Այսօրվա հավատարմագրման գործընթացը կազմակերպվում է այնպես, ինչպես ամբողջ աշխարհում: Բուհը, կառույցը, կրթական ծրագիրն ինքնավերլուծություն է իրականացնում, ցույց տալիս իր գործունեության արդունավետությունը տարբեր ոլորտներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռուբեն Թոփչյանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի խոսքով` իրենք բազմաթիվ բաղադրիչների հետ ուշադրություն են դարձնում նաև այն փաստի վրա, թե որքանով է բուհը միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներ կատարում, որքանով է աջակցում հասարակությանը, վերապատրաստումներ կատարում:
«Չորս բուհեր այս պահին հավատարմագրման գործընթացի մեջ են` Գյումրիի պետական մանկավարժական, Մովսես Խորենացու անվան, Ֆիզիկական կուլտուրայի համալսարանները և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը»,-տեղեկացրեց նա:
Ռուբեն Թոփչյանը հավելեց, որ իրենք նաև պահանջ են դնում, թե որքանով են շնորհված որակավորումները ճանաչելի և ընդունված գործատուների կողմից:
«Երբ սկսեցինք գործընթացը, տեսանք, որ առավել մեծ խնդիրը բուհական կառավարումն էր, կառավարման համակարգը շատ բարդացված էր, պատասխանատվությունները միշտ չէ, որ հստակ էին օղակների միջև»,-շեշտեց նա:
Կառավարության որոշման համաձայն մինչև 2018 թվականը Հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ` մեկ բուհի շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով, տասը բուհի` 4 տարի ժամկետով, երեք բուհի շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, երկուսի հավատարմագրումն էլ մերժել է: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որ ակիապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար: