Իսլամիստները զգուշացրել են Ադրբեջանին
International newsԱրտասահմանյան մամուլում բավականաչափ տեղեկություններ են հրապարակվել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման' Ադրբեջանի համար եւս մեծ վտանգ լինելու մասին: Իրաքում եւ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական կազմակերպության կազմում ադրբեջանցիների մասնակցությունը խիստ անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի համար ԻԼԻՊ-ի ստեղծած վտանգների մասին հայտնում է նաեւ Եվրոպայի ինստիտուտի աշխատակից Նադանի Ֆրիդրիխսոնը: Նրա հոդվածում ասվում է, որ ԻԼԻՊ-ն այլեւս չի թաքցնում Ադրբեջանի հետ կապված իր ծրագրերը, եւ «Իսլամական պետության» վտանգը սպառնում է նաեւ այդ երկրին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Այս տարվա հուլիսին ԻԼԻՊ-ի կողմից հրապարակված քարտեզում Ադրբեջանը ներկայացված էր ԻԼԻՊ-ի ստեղծելիք խալիֆայության մեջ: Ըստ քարտեզի' Ադրբեջանը բաժանվելու է երեք մասի: Հյուսիսային Ադրբեջանի մի մասը ներկայացված է ԻԼԻՊ-ի հյուսիսկովկասյան ամիրայության կազմում, միջին մասը' հարավկովկասյան ամերիայության, իսկ հարավային մասն ամբողջությամբ բաժանված է Սպահանի եւ Քրդստանի ամիրայությունների միջեւ:
Թեեւ հետագայում հրապարակված քարտեզից Ադրբեջանի անունը հանվել է, սակայն, ուշադրության հրավիրելով ժամանակ առաջ Բաքվում անցկացված «հիջաբի ակցիային», վերլուծաբանը հայտնում է, որ Ադրբեջանում «մահմեդական ընդդիմություն» է ձեւավորվում: «Ադրբեջանում մահմեդական ուժի հիմնական մասը կարող են դառնալ Սիրիայում հակակառավարական մարտերին մասնակցած, այժմ տուն վերադարձող ջիհադական ադրբեջանցիները: Այդ տեսակետից ելնելով' հնարավոր պայթյունավտանգ շրջաններում կարելի է ընդգրկել նաեւ Ադրբեջանը, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային հատվածը», -նշել է եվրոպացի փորձագետը:
Նրա խոսքով' արեւմտյան վերլուծաբանները գտնում են, որ Ադրբեջանի համար «արմատական կրոնական վտանգը» կարող է բխել Ռուսաստանից եւ Իրանից: Վերջերս այդ հնարավոր վտանգների մասին բարձրաձայնել էր նաեւ ԱՄՆ-ի հետախուզության օրինական անդամ ճանաչված «Ստրատֆոր» կենտրոնի տնօրեն Ջորջ Ֆրիդմանը, ով Արեւմուտքին կոչ արել մտածել այդ մասին:
«Ազադլըգ»-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Աքբերը հայտարարել է, որ առանց միջազգային համագործակցության, Ադրբեջանի միայնակ պայքարը ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպության դեմ անիմաստ է: