Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել Աթենքում
SocietyՀունաստանի խորհրդարանի նախկին շենքում նոյեմբերի 11-ին կայացել է Սալոնիկի «Արիստոտել» համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Իոաննիս Խասիոտիսի «Եղբայրական ազգերը փոթորկի մեջ. հայերը և հույները Արևելյան հարցի մեծ ճգնաժամերում (1856-1914)» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու նե րքո:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի Խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, Կիպրոսի Կրթության նախկին նախարար Քլերի Ագելիդուն, Հունաստանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Յորղոս Պուկամիսասը, Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը, Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաջյանը, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, հունահայ համայնքային կառույցների, գիտական և կրթական շրջանակների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչ Քերոբ Էկիզյանը: Իր խոսքում դեսպան Ղալաչյանը նշել է, որ Արևելյան հարցի շուրջ պրոֆեսոր Խասիոտիսի ծավալուն մենագրությունը գալիս է լրացնելու Հայկական հարցի և ցեղասպանության թեմայով վերջինիս ուսումնասիրությունների հարուստ ցանկը և ամրագրելու նրա բացարձակ հեղինակությունը` որպես հայ-հունական հարաբերությունների բացառիկ գիտակ և հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ:
Ելույթներով հանդես են եկել Աթենքի Կապոդիստրիասի անվան պետական համալսարանի դասախոս Էվանթիս Հաջիվասիելուն, Կիպրոսի համալսարանի դասախոս Պետրոս Պապապոլիվուն, գրող, պատմաբան Սարգիս Աղաբացյանը և մենագրութան հեղինակ Իոաննիս Խասիոտիսը: Քննարկման մոդերատորն է եղել Մեցովոյի պետական համալսարանի դասախոս, Կոնստանդնուպոլսեցիների հայրենակցական միության նախագահ Նիկոլաոս Ուզունօղլուն:
Տեղեկանք։ Պրոֆեսոր Խասիոտիսի աշխատությունն ընդգրկում է 1856-ից 1914 թվականները և Արևելյան հարցին անդրադառնում է երբևէ չուսումնասիրված` համեմատական տեսանկյունից` զուգահեռ ներկայացնելով տվյալ ժամանակաշրջանում հայ և հույն ժողովուրդների պատմական իրադարձություններն աշխարհաքաղաքական լայնընդգրկուն համայնապատկերում: Հայկական հարցը ականավոր պատմաբանի գիտական գործունեության առանցքային թեմաներից մեկն է, ինչի վկայությունն են վերջին տասնամյակներում լույս տեսած տարաբնույթ ուսումնասիրություններն ու հոդվածները: 2011 թվականին Իոաննիս Խասիո տիսը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացի մեդալով` հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի, Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման համար: