ՀՀԿ-ի խնդիրը ոչ միայն մականունավորներն ու ոչ ինտելեկտուալներն են, այլ նաև ոչ կոմպետենտ գրագետները
AnalysisԻշխող կուսակցության խնդիրը եթե գոնե սահմանափակվեր միայն օլիգարխների և ոչ ինտելեկտուալների առկայությամբ, ապա դա ժամանակի ընթացքում ավելի հեշտ կլիներ լուծել՝ պարզապես հերթով ազատվելով նման մարդկանցից: Սակայն բացի վերը նշվածներից, ՀՀԿ խմբակցությունում խնդիրներ ունեն ու իրենց թիմի համար խնդիր են հանդիսանում էլի շատերը, նաև անձինք, ովքեր օլիգարխ չեն, քրեական աշխարհի հետ կապ չունեն, նույնիսկ կիրթ, գրագետ են, բայց կոմպետենտ չեն, հետևաբար՝ պատրաստ չեն քաղաքական գործունեության: Մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն, թե որտեղ ինչ կարելի է խոսել, ինչպես խոսել, որ գոնե սեփական թիմին չխայտառակեն և վատ դրության մեջ չդնեն:
Հիմա երիտասարադ Լևոն Մարտիրոսյանը թեկուզ ՀՀԿ-ական չէ, բայց ՀՀԿ ցուցակով է անցել, ՀՀԿ խմբակցության անդամ է, հետևաբար ՀՀԿ-ն առնվազն պետք է հետևեր, թե քաղաքականապես որքան հասուն և պատրաստ մարդիկ է ընդգրկում իր թիմ: Բայց եթե հետևող լինեին, նախևառաջ ամեն ինչ կանեին, որ այսօր գոնե մականունավորներից զերծ լինեին:
Ինչևէ, Լևոն մարտիրոսյանն արդեն իր արածն արել է. անզգուշաբար, թե ինչպես՝ Արցախի հարցի լուծման վերբերյալ հայտնել է կարծիք, խոսել է ազատագրված տարածքների վերադարձի մասին, և հիմա արդեն բնական է, որ չորս կողմից պատգամավորի ասածը կընդունեն որպես իշխող կուսակցության դիրքորոշում: Մեղմ ասած, ՀՀԿ-ի վիճակը պետք է, որ նախաձելի չլինի և եթե իշխողները մտածում են իրենց վարկանիշը գոնե ժողովրդի մի փոքր հատվածի առջև պահելու մասին, ապա պետք է որ բազմաթիվ հերքումները չուշանան և ՀՀԿ-ականներն էլ վերահաստատեն իրենց դիրքորրոշումն առ այն, որ ազատագրված հողերից ոչ մի թիզ չի վերադարձվելու:
Դա էլ արդեն ցույց կտա ժամանակը: Ցավոք, ժամանակը հաճախ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն հիմնականում այդքան էլ մտահոգված չէ սեփական վարկանիշով:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան