ԱԶԲ-ն ամփոփում է Հայաստանում գործունեության 10 տարին
EconomicsԱսիական զարգացմանը բանկը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար ծրագրերի իրականացման հարցում:
Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործունեության 10-ամյակին նվիրված երկօրյա համաժողովին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը: «Ասիական զարգացման բանկի կողմից հաստատված ծրագրերն անցնում են մեկ մլրդ դոլարը, ինչը նշանակում է, որ ծրագրերի իրականացման մասով Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր»,- ասաց Արամյանը:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի համագործակցությունը ԱԶԲ-ի հետ ընթանում է բազմաթիվ ուղղություններով և ունի բազմաթիվ ձևաչափեր: ԱԶԲ-ի՝ Հայաստանին տրամադրած վարկերն ուղղվում են տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ էներգետիկայի ոլորտներին, ՀՀ կառավարությանը բիզնես միջավայրի բարելավմանն ու կանանց ձեռներեցության խթանմանը: Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ է իրականացվում «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագիրը, որը ամենամեծ ենթակառուցվածքային ծրագիրն է Հայաստանում, և կոշտ թափոնների կառավարման ներդրումային ծրագրերը:
«Այս բազմազանության մեջ կան նախագծեր, որոնց արդյունավետ իրականացումը հնարավոր է եղել ծրագրերի արդյունավետ ղեկավարման շնորհիվ: Այս ծրագրերի իրականացման համար ընթանում է քաղաքականության երկխոսություն և ծրագրեր ենք մշակվում երկրի կայուն զարգացման համար: Այս տարի նախաձեռնել ենք դպրոցների սեյսմակայունության զարգացման ծրագիրը, որը նոր ձևաչափ է և ենթադրում է արդյունքների վրա հիմնված ֆինանսավորում»,- հայտնեց Գաբրիելյանը:
ԱԶԲ-ի մասնավոր հատվածի ֆինանսավորման միջոցով իրականացվող ծրագրերից են Սեւան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադի վերականգնման, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրերը
ԱԶԲ տարածաշրջանային գրասենյակի ավագ համակարգող Արեգ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2015թ. հոկտեմբերի դրությամբ ֆինանսական կառույցը Հայաստանին տրամադրել է $1.04 մլրդ վարկ, այդ թվում՝ $133 մլն-ը մասնավոր եւ $910 մլն-ը` հանրային հատվածում մի շարք ծրագրերի իրականացման համար:
Երեւանում մեկնարկած «Միջազգային ծրագրի կառավարումը Հայաստանում» համաժողովին հայ եւ օտարազգի փորձագետները ներկայացնելու են նախագծերի կառավարման ոլորտում տեղական ու միջազգային փորձը: Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը շնորհակալ հայտնեց համաժողովի մասնակիցներին տասը տարիների ընթացքում իրենց բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մշակմանն ու զարգացմանը նպաստելու համար: «Հաջողություն չի կարող լինել առանց հմուտ ու փորձառու ծրագրերի կառավարիչի: Հայաստանը նման կառավարիչների կարիք ունի, որին էլ ուղղված է մեր կողմից կազմակերպված համաժողովը»,- ասաց Դոուլը` հավելելով, որ ապագայում իրենք կշարունակեն Հայաստանի հետ համագործակցությունը նույն ոլորտներով: