ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը, Եվրոպայի և միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ռաշել Հաաբը և հայաստանյա ն ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել Խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությունը:
«Վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է զգալի առաջընթաց, ինչին մեծապես նպաստել են նաև խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը: Այնուամենայնիվ դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք առաջիկայում լուծման կարիք ունեն», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարարը մասնավորապես առանձնացրել է պտուղ-բանջարեղենի, կաթի և մսի վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման և իրացման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների հզորացման հարցերը:
Նախարարը կարևորել է նաև պանրի արտադրատեսակների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա տեղական արտադրանքն արտահանել Եվրասիական տնտեսական միության լայնածավալ շուկա:
Անդրադառնալով Հայաստանի գինեգործությանը` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ այս ճյուղը ևս վերջին շրջանում մեր երկրում զարգացման միտում ունի, սակայն դեռևս արդիական են հայ մասնագետների վերապատրաստման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը, որոնց առնչությամբ հայկական կողմն ակնկալում է խորհրդի աջակցությունը:
Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով նախարար Սերգո Կարապետյանը պատվիրակության անդամներին առաջարկել է քննարկել դրանք իրենց առաջիկա ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Սիմոնյանն իր հերթին հավաստիացրել է, որ խորհուրդը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով: