Զինված ուժերը պահպանում են քաղաքական չեզոքություն. ՊՆ-ն հանրաքվեին բանակի մասնակցության մասին
SocietyՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Զինված ուժերի մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մեկ քայլով անգամ դուրս չի լինելու ՀՀ Սահմանադրությունից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը նոյեմբերի 14-ին:
«ՀՀ Զինված ուժերը պահպանում են քաղաքական չեզոքություն, բայց ԶՈՒ յուրաքանչյուր ներկայացուցիչ, լինելով ՀՀ քաղաքացի, պարտավոր է գաղտնի քվեարկությամբ իր տեսակետն արտահայտել հանրաքվեի օրը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում բանակի մարտունակությունը, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պաշտպանունակության մակարդակը բարձրանալու է: «Հրամանատարական քաղաքականությունը ձևավորված է այնպես, որ անկախ քաղաքական վերադասավորումներից, ապահովվելու է մեր ժողովրդի անվտանգությունը»,-նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով` ինքը որպես ՀՀ քաղաքացի իրավունք ունի մասնակցելու և կարծիք հայտնելու սահմանադրական բարեփոխումների շուրջ, իսկ որպես պաշտպանության նախարար, որը քաղաքական պաշտոն է, և քաղաքական թիմի անդամ, ենթարկվում է ՀՀ նախագահին` Գերագույն գլխավոր հրամանատարին:
Դեկտեմբերի 6-ին կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: