Արմեն Աշոտյանին չի զարմացնում Զուրաբյանի անտեղյակությունը կրթական համակարգին
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին՝ իբր բոլոր դպրոցների տնօրեններին «այո»-ի քարոզչություն իրականացնելու հրահանգ տալու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը նախ ընդգծեց, որ իրեն չի զարմացնում այն հանգամանքը, որ Լևոն Զուրաբյանն ունի աղոտ պատկերացումներ կրթական համակարգի մասին: «Անգամ մեծ ցանկության դեպքում կրթության և գիտության նախարարը չունի վարչական լիազորություն հանձրարություն տալու հանրապետության բոլոր դպրոցներին: Թողնում եմ մի կողմ իր անտեղյակությունը համակարգի մասին: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա ակնհայտ է, որ պարոն Զուրաբյանը չունի տարրական պատկերացում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, որովհետև կա անմեղության կանխավարկած, և պետք է ապացուցեց ներկայացվի իմ մեղավորության: Առաջ անցնելով՝ ուզում եմ ասել, որ նա չի էլ կարող ներկայացնել, որովհետև հնարավոր չէ ներկայացնել ապացույց մի բանի, որը գոյություն չունի»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ՀԱԿ-ին՝ իր համեստ գործունեությունը քաղաքական առումով բարձր գնահատելու համար: «Պարզապես կխնդրեմ նրանց չֆետիշացնել ինձ և չսևեռվել բացառապես ինձ վրա, որովհետև ՀՀԿ-ն ունի 5 փոխնախագահ: Եթե ՀԱԿ-ը ողջ իր քարոզչական ներուժով հանդիման է դուրս գալիս 5-ից 1-ին, բա մյուս չորսով ո՞վ է զբաղվելու: Ուստի կարծում եմ, որ տակտիկական առումով քաղաքական հաշվարկը սխալ է եղել»,- մանրամասնեց Աշոտյանը:
Նախարարը միևնույն ժամանակ նշեց, թե հասկանում է, ինչն է խնդիրը: «Խնդիրը նրանում է, որ կան «ոչ»-ի առնվազն 4-5 կենտրոններ, որոնք ինձ են հայտնի, և խնդիրը, որը դնում է մեր գործընկերը ՀԱԿ-ից՝ իշխանության ամենատեսանելի ներկայացուցիչներից մեկին ակտիվ քննադատելով և անհիմն մեղադրելով, փորձել ստանալ համապատասխան պատասխան և դառնալ «ոչ«-ի Գյուլչիտայը: Ես չգիտեմ, թե ով է «ոչ»-ի Գյուլչիտայը, սակայն ես չէ, որ պետք է դա որոշեմ: Հետևաբար, կարծում եմ, որ այս ամենի մեջ ամենադրական բանն այն է, որ ՀԱԿ-ը շարունակում է անվճար գովազդել իմ հաղորդումը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- եզրափակեց Աշոտյանը: