Նոր գիրք հայ-ադրբեջանական պատերազմի և մերօրյա հերոսների մասին
Culture«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը հասարակությանն է ներկայացնում այսօրվա զինվորի կերպարը՝ որպես ժամանակակից հերոսի, ով իր ավագների օրինակով պատրաստ է խափանել հակառակորդի ռազմական ծրագրերն ու ապահովել Հայաստանի սահմանների անառիկությունը թշնամու ոտնձգություններից։
Գրքում ներկայացված են 1988-1994 թթ. հայ-ադրբեջանական պատերազմը և 2014-2015 թթ. սահմանային միջադեպերը։ Մատնացույց են արվում հակամարտության ծագման պատճառներն ու հայաստանանպաստ լուծման հնարավոր ուղիները։ Գրքի «Հուշամատյան» բաժինը ներառում է 2014-2015 թթ. հրադադարի խախտումների ժամանակ զոհված 10 զինծառայողների (Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Զորիկ Գևորգյան, ՍարգիսՄովսիսյան, Վարդան Մկրտչյան, Արշակ Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Հակոբ Խաչատրյան,Սամվել Հակոբյան) կյանքի և սխրանքի նկարագրությունը։
Գրքի հեղինակ Էդգար Էլբակյանը նշում է, որ ներկայիս պատերազմը (վերջին տարիների սահմանային բախումները) իր բնույթով էապես տարբերվում է 1988-1994 թթ. պատերազմից. վերջինն ավելի լայնածավալ էր, համընդգրկուն։ Ըստ այդմ, թե′ հասարակական մոբլիլիզացիան, թե′ լուսաբանումը (այդ թվում՝ հերոսների կյանքը և գործը) ավելի լայն մասշտաբներ ունեին, և ընթերցողի համար ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի էր։ «Այսօր պատերազմը մի փոքր այլ է՝ դիրքային, դիվերսիոն, սակայն եզրույթները՝ մի կողմ, այն ավելի կցկտուր բնույթ է կրում, հասարակական քննարկումների կիզակետն էլ հաճախ պատերազմը չէ։ Տեղեկատվական հոսքերի առատության պայմաններում, որ բնորոշ է 21-րդ դարին, պատերազմի, հերոսների մասին նյութերն ընդամենը լրատվական փոքրիկ միավորներ են դառնում՝ հերթական լուրը՝ հերթական դիվերսիայի, զոհի մասին, և վերջ։ Մենք զգացինք վտանգ, որ այդ հոսքի մեջ կորչում է և′ պատերազմի լուսաբանումը, որ ապագայում շատ է պետք գալու հետազոտողներին, քաղաքագետներին, ռազմագետներին, և, իհարկե, կարող են կորչել նաև պատերազմի հերոսների կյանքի, սխրանքի մասին պատմությունները։ Ու որոշեցինք լրացնել այս բացը։ Նախ սկիզբ առավ գաղափարը, հետո նաև՝ գի րքը»,- պատմում է Էդգար Էլբակյանը։
Գրքի հեղինակը ցավով նշում է, որ մարտական կորուստներն ավելի շատ են, քան գրքում ներկայացված 10 հերոսները, սակայն ընտրվել են 2014թ. և 2015թ․զոհված 5-ական հերոս, ովքեր նահատակվել են գիտակցաբար` թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելու նպատակով վերջինիս հետ մարտի բռնվելով։ Հեղինակը շեշտում է, որ ընտրության այս սկզբունքը բոլորովին ստվեր չի գցում մյուս դիրքապահների նվիրական գործի վրա։
Կապ է հաստատվել բոլոր 10 հերոսների ընտանիքների հետ։ Էդգար Էլբակյանը, շփվելով հերոսներ ծնած ընտանիքների, հարազատների հետ, նշում է, որ բոլորի մոտ նկատել է ընդգծված հարգանք իրենց զավակի ընտրության նկատմամբ։ Իրենց որդին գիտակցված մարտի է մտել, չի փախել և հանուն հայրենիքի զոհել է կյանքը. և սա հաշվի առնելով՝ նրանք իրենց պարտքն են համարում հարգել և′ իրենց զավակի որոշումը, և′ հայրենիքը, որի համար նա զոհվել է։