«Խուզարկու» շների վարժեցման համար հարմար պայմաններ են ստեղծվում
SocietyՖինանսների նախարարության աշխատակիցները, համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում, նոյեմբերի 14-ին ՖՆ Կինոլոգիական կենտրոնում տնկել են շուրջ 500 ծառ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապե րի բաժնից, հսկողական մեխանիզմների կատարելագործման նպատակով 2010 թվականին ստեղծված Կինոլոգիական կենտրոնի չորքոտանի «բնակիչների»՝ Լեհաստանում հատուկ կուրսեր անցած «մաքսավոր-խուզարկու» շների, սուր հոտառությունը նպաստում է սահմանային անցակետերում և օդանավակայանում մաքսանենգների հանցավոր մղումների կանխմանը:
Կինոլոգիական կենտրոնի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` կարևոր առաքելություն իրականցող կենդանիների համար ստեղծված և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կենտրոնի կանաչապատումն իրենց մշտական հոգածության ներքո է. «Նորատունկ 500 ծառերի շնորհիվ մեր կենտրոնն առավել կներդաշնակեցվի բնությանը՝ հնարավորություն ընձեռելով վարժանքներն իրականացնել ավելի հարմարավետ պայմաններում»: Անդրադառնալով կենտրոնի պատմությանը՝ Հովհաննիսյանը նշել է, որ ներկայում այնտեղ կա 9 շուն, որոնցից 8-ը վարժեցված են թմրանյութերի, 1-ը՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ: Նրա փոխանցմամբ, մաքսային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար հայկական և ուկրաինական կինոլոգիական ծառայությունների միջև սերտ համագործակցություն է հաստատվել. «Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն «խուզարկու» շներից մեկի ձագին, որն այժմ ծառայում է Հայաստանի մաքսակետերում»: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կենտրոնի կինոլոգները բազմիցս մասնակցել են միջազգային մրցումների՝ զբաղե ցնելով առաջատար հորիզոնականներ: