Եվգենի Կասպերսկիին կշնորհվի ՀԱՊՀ-ի բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալ
SocietyԵվգենի Կասպերսկիին կշնորհվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալ:
Ինչպես տեղեկացրին ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, բուհը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2015թ. մրցանակի դափնեկիր, «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիին կհյուրընկալի նոյեմբերի 17-ին:
«Որպես արժևորում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Եվգենի Կասպերսկու համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն կշնորհվի ՀԱՊՀ-ի բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև այլ բուհերի ղեկավարների և ոլորտային գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:
Այնուհետև, Եվգենի Կասպերսկին կկարդա դասախոսություն: Այն հիանալի հնարավորություն է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի հիմնարար հայտնագործություններին և նորագույն նվաճումներին դրանց իսկ հեղինակներից: