ՀՀ կառավարությունը 2016թ-ին կշարունակի տնտեսության կայունությանն ուղղված միջոցառումները. ԿԲ եզրակացություն
EconomicsՀանրապետության կառավարությունը 2016թ. պետական բյուջեի կատարման գործընթացում իր ջանքերն ուղղում է տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումների մեղմմանը՝ հավատարիմ մնալով մակրոտնտեսական կայունության շարունակական ապահովման ռազմավարության սկզբունքներին: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:
«Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի նախագծում հաշվի են առնվել հնարավոր բոլոր ռիսկերն ու անորոշությունները, գնահատվել են հնարավոր ռիսկերի ի հայտ գալու պարագայում բյուջեի ծրագրի հիմքում ընկած հիմնական ենթադրություններից և ՀՆԱ-ի կանխատեսումներից հնարավոր շեղումների ազդեցությունը բյուջեի մուտքերի, ելքերի և լրացուցիչ ֆինանսավորման պահանջի վրա»,- նշեց Ջավադյանը:
ԿԲ նախագահը հստակեցրեց, որ 2016թ. ՀՀ կառավարությունը կշարունակի տնտեսության կայունությանն ուղղված միջոցառումների իրականացումը, որոնք կուղեկցվեն ՀՆԱ-ում պետբյուջեի պակասուրդի համեմատաբար բարձր մակարդակի պահպանմամբ:
Անդրադառնալով ՀՀ 2016թ. պետական բյուջեի եկամուտներին՝ Ջավադյանն ընդգծեց, որ եկամուտների և դրամաշնորհների գծով տարեկան աճը կկազմի 1.6 տոկոս, հարկային եկամուտների գծով՝ 4.5 տոկոս: Ծախսերի գծով ևս նախատեսվել է ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազում մինչև 25.2 տոկոս: «Ընդ որում՝ ծախսերի կառուցվածքում փոքր-ինչ ավելացել է կապիտալ ծախսերին բաժին ընկնող մասը, ինչը Կենտրոնական բանկը դրական է գնահատում երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու տեսանկյունից»,- մանրամասնեց ԿԲ նախագահը:
Խոսելով գնաճի մասին՝ Ջավադյանը նշեց, որ ՀՀ ԿԲ-ն կկարողանա վարել քաղաքականություն, որի արդյունքում հնարավոր կլինի 2016թ. գնաճային տատանումները պահել թույլատրելի մակարդակում: