Հարյուր և ավելի աշխատակից ունեցող գործատուները պարտավորվելու են աշխատատեղեր ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար
Society«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համաձայն 2016թ. հունվարի 1-ից Հայաստանում գործող ոչ պետական կառույցների համար սահմանված է քվոտային պահանջ, համաձայն որի գործատուներր 100 և ավելի աշխատակից ունենալու դեպքում պարտավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքով նախատեսված աշխատատեղեր ապահովել: 2015 թ. հունվարի 1-ից քվոտայի պահանջը գործում է պետական կառույցներում:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
«Ուսումնասիրելով միջազգային փորձը` առաջարկվեց հաշմանադամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի պարտադիր ապահովման համար նորմատիվ ակտ, որը միջազգային տերմինով հայտնի է որպես քվոտա: Պետական կազմակերպությունների համար այս պահանջը տարածվում է, եթե այդ կազմակերպության աշխատողների թվաքականը կազմում է 100 և ավելի. այդ դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի թիվը պետք է կազմի 3%, իսկ ոչ պետական կազմակերպությունների դեպքում նորից 100 և ավելի աշխատողների պարագայում աշխատատեղերը պետք է կազմեն 1% »,- ասաÖ Ավետիսյանը:
Վարչության պետը նշեց, որ հաշվարկը պետական կազմակերպությունների համար սկսվել է 2015 թ. հունվարի 1-ից, իսկ ոչ պետականների համար կսկսվի 2016 թ. հունվարի 1-ից: Այն կազմակերպությունները, որոնց հաշվարկի արդյունքում աշխատողների թվաքանակը կլինի 100 և ավելի, պարտավոր են կատարել օրենքի պահանջը:
«2016 թ. ընթացքում առնվազն 183 և ավելի օր տվյալ աշխատատեղերը պետք է զբաղված լինեն հաշմանադամություն ունեցող անձանցով, որպեսզի տվյալ կազմակերպությունը ապահոված լինի քվոտայի պահանջը: Եթե կազմակերպությունը պահանջը չի կատարում, ապա մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը կատարում է մասհանումներ, յուրաքանչյուր աշխատատեղի հաշվով նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով»,- նշեց նա:
Մասհանումները, Ավետիսյանի խոսքով, հանդիսանում են նպատակային միջոցներ: Նպատակային միջոցների 60%-ը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում և ուղղվում է պետական որոշ ծրագրերի, իսկ 40%-ն ուղղվում է հաշմանդամություն ունեցող անձանց առողջական խնդիրների լուծմանը, սոցիալական վերականգնմանը:Հաշմանդամություն ունեցող անձն այս աջակցությունն ստանում է մեկ անգամ, իսկ աջակցության համար տրամադրվող գումարը չի կարող գերազանցել 150 հազար դրամը:
Քվոտան պետական և ոչ պետական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձանց համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջն է: