«Ռասիզմի» ժամանակակից դրսևորումները
AnalysisՓարիզյան ահաբեկչության արդյունքում ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության արձագանքը շատերին տարօրինակ և ոչ ադեկվատ թվաց, հնչեցին քննադատություններ՝ համատարած Ֆրասիայի դրոշներով ֆեյբուքյան էջերի գլխավոր նկարներ դնելու հետ կապված, մեղադրանքներ, որ նույն արձագանքը չեղավ Քենիայի, Սիրիայի զոհերի, ռուսական ինքնաթիռի վթարի զոհերի ժամանակ: Մեղադրանքներին ի պատասխան՝ հնչեցին նաև բազմաթիվ արդարացումներ, որ Ֆրանսիան պատերազմական վիճակում չէ, և խաղաղ երկրում ահաբեկչական ակտն այլ բան է, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ կամ դժբախտ պատահարների զոհերը՝ այլ, հետևաբար արձագանքն էլ տարբեր է լինում:
Բայց ահա վերջնականապես հաստատվեց, որ Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի հետ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար էր, այլ ահաբեկչություն, ռուսական կողմն էլ դա հաստատեց: Ընդ որում, ստացվում է, որ A321-ի զոհերի թիվը 224 է՝ 92-ով ավել փարիզյան ահաբեկչության զոհերի թվից, սակայն Ռուսաստանի դրոշով զարդարված պրոֆայլները չեն հայտնվում, ավելի շուտ՝ Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան էլ նման ֆունկցիա չի առաջարկում: Նման ֆունկցիա չի առաջարկվել նաև Քենիայի ահաբեկչական ակտի դեպքում, որը նույնիսկ նորմալ չէր էլ լուսաբանվել և շատերս պարզապես չէինք էլ իմացել այդ մասին, վերջին 5 տարիների ընթացքում նման ֆունկցիա չի առաջարկվել Սիրիայում մոտ 350 հազար զոհերի համար: Այսինքն, որքան էլ շատերը փորձեն պարզաբանել, արդարացնել, յուրովի մեկնաբանել, միևնույն է, խտրական վերաբերմունքն ակնհայտ է, և խոսքը այստեղ մարդկային կյանքի որպես արժեք գնահատման մասին է:
Տպավորություն է ստեղծվում, որ աշխարհում հատուկ քարոզչական գիծ է տարվում՝ արհեստականորեն մարդկային նոր «տեսակներ» ստեղծելու և դա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու ուղղությամբ: Սա նման է ռասիզմի դրսևորման, բայց սա այն ռասիզմը չէ, որը եղել է նախորդ դարի առաջին կեսին և դրանից ավելի վաղ: Ժամանակակից «ռասիզմի» այս դրսևորումը հիմնված է ոչ թե մաշկի գույնի և էթնիկ ծագման վրա, այլ պարզապես կապ ունի տվյալ տեսակի կրած արժեհամակարգի և գաղափարախոսության հետ: Մերձավոր արևելքում դրանք իսլամիստներն են, որոնց համար մերժելի են մնացած բոլոր մարդկային խմբերը, իսկ Արևմուտքում էլ՝ «եվրոպացի» և «ամերիկացի» տեսակները, որոնք կարող են ունենալ մաշկի տարբեր գույներ, էթնիկ տարբեր ծագում, սակայն նույն արժեհամակարգի կրողն են, կամ էլ նույն արժեհամակարգին ենթարկվողը: Եվ յուրաքանչյուր կողմի համար իր տեսակի մարդկանց կյանքը ավելի արժեքավոր է: Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն էլ արտահայտում է համապատասխան կողմի շահերը. «աֆրիկացու», «ասիացու» կամ ռուսի կյանքի արժեքը այդտեղ զիջում է «եվրոպացու» կյանքի արժեքին:
Ի դեպ, տխրահռչակ Charlie Hebdo-ն էլ, որը ջանասիրաբար ծաղրել էր Սիրիայի զոհերին, ռուսական ավիավթարի զոհերին, այս անգամ արդար երևալու իմիտացիա փորձեց անել՝ հրապարակելով ընդամենը մեկ և անհամեմատ ավելի մեղմ ծաղրանկար՝ փարիզյան դեպքերի հետ կապված: Կողմնապահությունն այստեղ ակնհայտ էր, հետևաբար ակնհայտ է նաև նրանց քարոզած՝ «ազատության» և «ազատ խոսքի» գաղափարների կեղծավորությունը:
Իմ կարծիքով՝ սա է իրականությունը ժամանակակից աշխարհում, մնացածը՝ մարդու իրավունքներ, հավասարություն և այլն, գլոբալ առումով դեմագոգիայի շարքից են, ընդամենը գործիք են, որը յուրաքանչյուր կողմ կարող է օգտագործել ինչպես իրեն է պետք: Իրականում կողմերի միջև պարզապես շարունակվում է պայքարը, որը մշտապես եղել է մարդկության պատմության ընթացքում՝ պայքար մոլորակի ռեսուրսներին հնարավորինս շատ տիրելու համար, պայքար Արևի տակ տեղ ունենալու համար, և որ այդ տեղը հնարավորինս ավելի մեծ լինի:
Միգուցե ես սխալվում եմ, սակայն չեմ կարծում, թե ես միակն եմ, ով հանգել է այս եզրակացությանը:
Կարեն Վարդանյան