Հակաբիոտիկների սխալ օգտագործումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել
SocietyՊարզվում է՝ հակաբիոտիկների ոչ ռացիոնալ կիրառումը երկարացնում է բուժման տևողությունը, բարձրացնում բուժման արժեքը, առաջացնում լրացուցիչ հիվանդացություն: Բացի այդ, ձևավորվում են մանրէների՝ հակաբիոտիկների հանդեպ կայունություն ցուցաբերող շտամներ, որոնք կարող են տարածվել նաև բուժհիմնարկների սահմաններից դուրս և փոխել նաև ազգաբնակչության շրջանում շրջանառվող մանրէների որակական հատկանիշները:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը խնդիր է ինչպես աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման և հետազոտության ընթացքում պացիենտների մոտ կարող են զարգանալ ներհիվանդանոցային վարակներ, որոնց ցուցանիշների բարձրացումը նպաստում է վարակային բարդությունների բուժման նպատակով հակաբիոտիկների կիրառմանը:
Հակաբիոտիկակայուն շտամների ձևավորման կանխարգելման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոյեմբերի 16-22-ը աշխարհում «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսով քարոզարշավ է իրականացվում: Հակաբիոտիկների իրազեկման շաբաթվա շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել էր սեմինար-դասախոսություն՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների մասնակցությամբ:
Դասախոսության շրջանակներում քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և այդ խնդիրներին առնչվող մի շարք այլ հարցեր: «Հակաբիոտիկային դեղորայքը թանկ ռեսուրս է, որն անհրաժեշտ է պահպանել հետագա սերունդների համար: Միայն դրանց ճիշտ օգտագործումը կարող է պահպանել այդ դեղերի կարևորագույն հատկությունները, ինչին կնպաստի բուժանձնակազմի կողմից ոչ միայն ճիշտ օգտագործումը, այլև ազգաբնակչության շրջանում դրանց անկանոն օգտագործման կանխումը: Հակաբիոտիկները կարելի է օգտագործել միայն որակավորված բժիշկների նշանակումներին համապատասխան»,- տեղեկացրեցին մասնագետները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ են անում առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին միանալ իրազեկման շաբաթին և տեղեկանալ հակաբիոտիկների օգտակար և վնասակար հատկություններին:
Ա.Գ.