Եվգենի Կասպերսկին Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
SocietyՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակին արժանացած Եվգենի Կասպերսկին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղ ասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ նա ծաղիկ խոնարհեց անմար կրակի մոտ, շրջեց հուշահամալիրի տարածքում: Կասպերսկին ու նրան ուղեկցող պատվիրակությունը ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմությանը` շրջայց կատարելով թանգարան-ինստիտուտում: Իսկ հուշամատյանում նա գրեց. «Ողբերգություն ու վիշտ: Հուսով եմ էլ երբեք չի կրկնվի»:
Այնուհետև Եվգենի Կասպերսկին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշատակի ծառուղում` ի հիշատակ անմեղ զոհերի` տնկեց եղևնի:
Նոյեմբերի 17-ին ՀՀ Նախագահի նստավայրում կայացավ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տնօրեն Եվգենի Կասպերսկուն ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ ու հաջողակ ձեռնարկատեր է: «Կասպերսկի լաբորատորիան» համարվում է կիբերանվտանգության լուծումների աշխարհի մեծագույն մասնավոր ընկերություններից մեկը: Այն ունի 40 տարածաշրջանային գրասենյակներ աշխարհի 200 երկրներում, այդ թվում` Հայ աստանում: