Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին նիստը հարթ չանցավ
SocietyԱյսօր, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը: Մինչ նիստը սկսվելը դահլիճում էին սպանվածի ծնողները և հարազատները, սակայն երբ դատարանի դահլիճ մտան մեղադրյալները, Հայկազ Բարսեղյանի հարազատները անչափ հուզվեցին ու սկսեցին լաց լինել և աղմկել: Կուրսանտի մայրը աղեկտուր խնդրում էր դատական կարգադրիչներին, որ իրեն թույլ տան, որ ընդամենը գնա ու թքի այդ ստահակների երեսին: Դատական կարգադրիչները թույլ չէին տալիս հուզված կնոջը մոտենալ մեղադրյալներին, սակայն սպանվածի մայրը շարունակում էր գոռալ. «դուք ծնող չե՞ք, չե՞ք հասկանում իմ վիճակը: Թույլ տվեք, որ ընդամենը գնամ ու թքեմ դրանց երեսին…»:
Հարազատները հուզմունքից փորձեցին նաև նետվել մեղադրյալների վրա՝ գոռալով «թուրքե՛ր, Ձեզ Աստված պիտի դատի», «էդ ձևով ե՞ք հայրենիք պաշտպանելու», «ցմահ տվեք, մեղք ենք, էդքան չգնանք գանք»:
Մի քանի րոպե տևած խառնաշփոթից հետո հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը, սակայն սպանված կուրսանտի մոր ինքազգացողությունը վատացավ, որից հետո դահլիճից հեռացվեցին ամբաստանյալները և դատական նիստը հետաձգվեց:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մի քանի այլ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի երակը, այնուհետև հարվածներ հասցրել կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ Ապա հագցնելով կուրսանտի հագուստները, նրան տեղափոխել են զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են, որի արդյունքում շնչահեղձությունից մահացել էր Հայկազ Բարսեղյանը:
Արմինե Գրիգորյան