Կարեն Ճշմարիտյանը կոչ է անում ՓՄՁ-ների փակվելու վերաբերյալ սխալ տեղեկություններ չհրապարակել
EconomicsՀայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պատգամավորներին կոչ է անում փոքր և միջին ձեռնարկությունների փակվելու մասին տեղեկություններ հրապարակելուց առաջ օգտվել պաշտոնական տվյալներից:
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի դիտարկմանը, թե ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում փակվել է 10 հազար ՓՄՁ, Կարեն Ճշմարիտյանը կոչ արեց Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել ճիշտ տեղեկություններ հրապարակելու համար:
«Ես ուրախ եմ, որ Դուք ազնիվ եղաք և նշեցիք, որ դրանք ոչ պաշտոնական տվյալներ են: Ավելի ամբողջական լինելու համար ես կառաջարկեի, որպեսզի պատգամավորները նման հայտարարություններում հրապարակեին նաև փակվող ձեռնարկությունների անվանումները: Մենք կստուգենք այդ տեղեկությունները, կփորձենք զրուցել այդ ձեռնարկությունների բաժնետերերի հետ՝ խնդիրը հասկանալու համար: Ես հորդորում եմ նման հայտարարություններ չանել, որովհետև մենք դրանով հաստատ չենք բարելավում մեր ներդրումային և գործարար միջավայրը, ինչը, վստահ եմ, նաև ձեր ցանկությունն է: Ես ցանկանու մ եմ, որպեսզի ձեզ համար էլ հստակ լինի, որ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը ոչ միայն էկոնոմիկայի նախարարության, այլ նաև բոլորի խնդիրն է: Ես կոչ եմ անում միասին լծվել այն աշխատանքին, որը նպաստելու է մեր երկրում բարեփոխումների իրականացմանը, տնտեսության բարելավմանը»,- ընդգծեց Ճշմարիտյանը:
Անդրադառնալով անցած տարի փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացած խուճապին՝ նախարարն ընդգծեց, որ այդ իրավիճակն ավելի շատ տագնապային էր, քան իրական: Նախարարի խոսքով՝ փոխարժեքի տատանումները Հայաստանի վրա ավելի մեղմ ազդեցություն են ունեցել, քան այլ երկրներում: «Հայաստանում փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը Կենտրոնական բանկի հետ համատեղ ջանքեր էր գործադրում, որպեսզի դրա ազդեցություն մեր տնտեսության վրա մեծ չլինի: Եվ դուք տեսաք, որ իրականում դա մեզ հաջողվեց»,- ընդգծեց Ճշմարիտյանը:
Նա հավելեց, որ փոխարժեքի տատանումներն ուղղակի ազդեցություն ունեցել են փոքր և միջին ձեռնարկությունների վրա, սակայն հետագայում բոլոր դժվարությունները հաղթահարվել են: