ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատել Երևանի վարչության պարեկապահակետային գնդի պատրաստականությունը
SocietyՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին:
Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրել են վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման ժամանակ, զանգվածային անկարգությունների կանխման դեպքում, զինված հանցախմբին վնասազերծելու ընթացքում:
Ցուցադրվել է նաև հատուկ տեխնիկան, ներկայացվել ձեռնամարտի հնարքներ և ուժային վարժություններ:
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունն ու գործառնական կարողությունները: