Մարզահամերգային համալիրն օտարումից հետո շարունակելու է օգտագործվել նույն ուղղությամբ
SocietyԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառավարության կողմից օտարվելուց հետո շարունակելու է օգտագործվել նույն այն ուղղությամբ, որով այն օգտագործվել է մինչ այդ:
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Քանի որ կա նաև հարակից տարածք, որը անմիջականորեն կապ չունի մարզահամերգային համալիրի հետ, կառավարությունը թույլատրել է հյուրանոցային համալիրի կառուցում, որում կլինեն կինոթատրոններ, ռեստորաններ, խանութներ, ժամանցի այլ վայրեր, ջրային ատրակցիոն: Սահմանված է նաև ներդրումերի չափը, քանի որ կառավարությունը սահմանել է, որ Երևանում խաղատուն կառուցելու իրավունք ունի այն կազմակերպությունը, որը կկատարի 100 միլիոն դոլարից ավել ներդրումներ»,- ընդգծեց Հարությունյանը:
Հարությունյանը հստակեցրեց, որ եթե մարզահամերգային համալիրի նոր սեփականատերը չկատարի օտարման պայմանագրով նախատեսված պայմանները, ապա դա կառավարության համար հիմք կլինի պայմանագիրը լուծարելու կամ տուգանք կիրառելու համար: «Նաև պետք է ասեմ, որ այս պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել, որովհետև կառավարությունը շատ խիստ պայմաններ է դրել՝ քանի դեռ վճարումը կատարված չէ, այն ուժի մեջ չի մտնելու: Այնպես որ, կառավարությունն ապահովել է իրեն այն իրավունքներով, որով կկարողանա ստիպել հակառակ կողմին կատարել իր պայմանագրային պարտավորությունները»,- ասաց Հարությունյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշեց, որ ընկերությունը, որի հետ կառավարությունը կնքել է մարզահամերգային համալիրի օտարման պայմանագիրը, գրանցված է Հայաստանում, սակայն նախկինում Հայաստանի տարածքում գործունեություն չի ծավալել: Հարությունյանի խոսքով՝ հենց դա է պատճառը, որ կառավարությունն ավելի կոշտ պայմաններով պայմանագիր է առաջարկել, քան սովորաբար լինում է նման դեպքերում: