Միչիգանի համալսարանի պրոֆեսորը դասախոսություն է կարդացել Հայոց ցեղասպանության թեմայով
SocietyՄիչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սանին «Ֆոսթեր» դահլիճում մեծ թվով մարդկանց ներկայությամբ խոսել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
Այս մասին տեղեկացնում է collegian.psu.edu-ն:
Սանին ներկաներին պատմել է, թե ինչպես 1915-1917 թվականների ընթացքում երիտթուրքերի իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով կյանքից զրկվել են շուրջ 1.5 միլիոն հայեր: Նա կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Անդրադառնալով այս խնդրում պատմաբանների ունեցած դերակատարությանը՝ պրոֆեսորն ընդգծել է, որ նրանց խնդիրը ոչ միայն պարզելն է, թե ինչ է եղել, այլև այն, թե ինչու է դա իրականացվել: «Ցեղասպանությունը ոչ թե մարդկանց, այլ ժողովրդի սպանությունն է»,- ասել է նա՝ բացատրելով «ցեղասպանություն» եզրույթի իմաստը:
Դասախոսությանը ներկա ուսանողներից մեկը՝ Ջայիմ Ռոզենբերգը միջոցառման ավարտին նշել է, որ դրա ընթացքում շատ նոր տեղեկություն է ստացել Ցեղասպանության մասին:
Միջոցառման կազմակերպիչներից մեկը` Հայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Չեքեմյանն էլ ընդգծել է միջոցառման կարևորությունը՝ նշելով, որ շատերը ներկայում Ցեղասպանության վերապրածների 3-րդ կամ 4-րդ սերունդներն են: