Ամերիկաբնակ բանաստեղծուհին այցելել է Աբովյան ՔԿՀ-ի կին դատապարտյալներին
SocietyՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների և ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, իր տեսակի մեջ յուրօրինակ մշակութային միջոցառման ընթացքում կայացել է գրողի նոր գրքի շնորհանդեսը, ապա ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի և դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ հատվածներ են հնչել բանաստեղծուհու ստեղծագործություններից:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ՔԿ հիմնարկին նոր համակարգիչ և տպիչ է նվիրել, իսկ կին դատապարտյալները նշել են, որ միջոցառումը բացի մտերմիկ և հուզիչ լինելուց` նաև ուսուցողական էր, քանզի բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների դրական հերոսների կերպարները չեն կարող արժեհամակարգերի վերանայում և վարքականոնի փոփոխություն չանել իրենց հոգեկերտվածքներում: