Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը 4,7 մլն բարելով նվազել է
Economics2015 թվականի 10 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 1,8 տոկոսով կամ 4,7 մլն բարելով պակաս նավթ է արդյունահանվել Ադրբեջանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետվիճկոմին:
Նավթ արդյունահանող երկրների միության` ՕՊԵԿ-ի` նոյեմբերի 12-ին հրապարակած զեկույցի համաձայն` Ադրբեջանում 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի արդյունահանման օրական ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30 հազար բարելով կրճատվել է:
Ըստ ՕՊԵԿ-ի` ադրբեջանական «Ազերի Light» տեսակի նավթի նկատմամբ աճող մրցակցության պատճառով վաճառքի ծավալները կրճատվել են` կապված Մերձավոր Արեւելքից կատարվող այլընտրանքային մեծ առաջարկի եւ եվրոպական նավթավերամշակման գործարաններում նավթի պաշարների մեծ կուտակումների հետ:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների տվյալների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 8,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի պետական պարտքը 2015 թվականի վերջին եռամսյակում 1,6 տոկոսով ա ճել է` կազմելով մոտ 7 մլրդ դոլար:
Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել: