«Սեյվր» ՍՊԸ-ի տնօրենը յուրացրել է համասեփականատիրոջ ներդրած միջոցները
SocietyԵրևանի բնակիչ Լևոն Սողոմոնյանը 2009 թվականի փետրվարի 24-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սեյվր» ՍՊԸ տնօրենը և 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը և համատեղությամբ նաև նույն ընկերության գանձապահը` միասնական դիտավորությամբ իրականացրել է ֆինանսական միջոցների յուրացում:
Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Նա հափշտակել է նույն ընկերության 70 տոկոս բաժնեմասի սեփականատեր Սերգեյ Մարդոյանի կողմից ներդրված, ինչպես նաև ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 161 միլիոն 935 հազար 865 ՀՀ դրամ գումարը: Մեղադրյալը իր գործողություններով կազմալուծել է ընկերության աշխատանքն ու վերջինի համար առաջացրել ծանր հետևանքներ` ընկերության գործունեության ժամանակավոր խաթարման ձևով:
Լևոն Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասին առաջին կետի, 214-րդ հոդվածի երկրորդ մասի և 324-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Մեղադրյալին սպառնում է երկուսից ութ տարվա ազատազրկում և խոշոր չափերի տուգանք:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Լևոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է գրավը (այն կարող է կիրառվել դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ միայն կալանավորման որոշում կայացնելու դեպքում-խմբ.):