Բյուրականի աստղադիտարանի համար 2015թ-ը մեծ ձեռքբերումների տարի է եղել
SocietyԲյուրականի աստղադիտարանի համար 2015-ը եղավ գիտական ենթակառուցվածքային տարբեր մասերի վերականգնման և վերզինման տարի: Լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2015 թ-ի աշխատանքներն, այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Մեր երկու խոշոր դիտակները` 1 և 2,6 մետրանոց, արդեն արդյունավետ աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն:1 մետրանոց դիտակը դեռևս 90-ականների սկզբներից սառեցվել էր և չէր աշխատում: Մենք փորձեցինք դա 2006 թ. վերականգնել և այսքան տարիների աշխատանք կատարելուց հետո ստացանք առաջին արդյունքները»,- ասաց տնօրենը:
Ըստ Հարությունյանի` չնայած նրան, որ 2,6 մետրանոց դիտակը պաշտոնապես երբևէ իր աշխատանքը չի դադարեցրել, բայց վերջին տարիներին կամ չի աշխատել կամ աշխատել է 25 % հզորությամբ: Նախորդ տարի հիմնական աշխատանքներն ավարտվել են ու այս տարվանից հնարավոր է դիտումներ անել:
Անդրադառնալով 2015-ի մյուս ձեռքբերումներին` աստղադիտարանի տնօրենը նշեց, որ պայմանագիր է կնքվել ռուսական «Ռուսկոսմոս» ընկերության հետ, որով Հայաստանի աստղադիտարանը մտնում է միջազգային մի շրջանակի մեջ, որով հնարավորություն է ստանում անցկացնելու մարդածին և բնական աղետների մոնիթորինգ: Այս տարի Միջազգային աստղագիտական միության որոշմամբ` Բյուրականի աստղադիտարանը դարձել է հարավային Կովկասի, հարավարևմտյան Ասիայի աստղադիտական տարածաշրջանային կենտրոն: