Շիրակցի հաշմանդամ երիտասարդները կատարելագործում են ՏՏ հմտությունները
SocietyՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից մասնագիտությունները հասանելի են նաև Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իրականացնում է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունից, ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2016թ. մարտը: Մասնակիցների թվում են 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։ 5 ամիսների ընթացքում նրանք կուսումնասիրեն գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ կիրակ անացվեն նաև «Սոցիալական ներգրավում և մասնակցություն» թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:
Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2014թ-ին՝ «Միասին հանուն փոփոխության» խորագրի ներքո, որին մասնակցել են շուրջ 120 երեխաներ և ձեռք են բերել համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ:
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն է ԱՄՆ դեսպանատունը« իսկ գործընկերները՝ «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպություն»-ը:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի« դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության« հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:
Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ:
Արմենուհի Մխոյան