Մազաթափության 10 հիմնական պատճառները
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ժառանգականություն. սովորաբար դա տղամարդուն վերաբերող խնդիր է: Գենետիկ մազաթափությունը զարգանում է սեռական անդրոգեն հորմոնների ակտիվության մեծացման պատճառով, որոնք խախտում են մազարմատների սնուցումը: Դրա դեմ պայքարի հիմնական մեթոդը հատուկ դեղամիջոցների, այդ թվում՝ հորմոնալ, ընդունումն է:
Ներքին խնդիրներ. հորմոնալ տատանումներ, նյութափոխանակության խանգարում և աուտոիմունային խանգարում: Վահանաձև գեղձի ոչ բավարար գործունեության պատճառով մազաթափություն է սկսվում ունքերի մեկ երրորդի, ճակատի և ծոծրակի հատվածում:
Իմունիտետի անբավարարություն. հաճախ որոշիչ գործոն կանանց մոտ: Մազաթափություն կարող է առաջանալ օրգանիզմի թուլացման, հոգնեցնող աշխատանքի, ծննդաբերության, կրծքով կերակրելու, վարակիչ հիվանդությունների հետևանքով: Խորհուրդ է տրվում օրգանիզմը ամրացնող միջոցներ օգտագործել:
Երկաթի պակաս. հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Կարող է պայմանավորված լինել դիետաներով, սովամատնությամբ, անեմիայով, ուղեկցվում է քնկոտությամբ, թուլությամբ: Խորհուրդ է տրվում օգտագործել ձուկ և միս, ձվի դեղնուց, տարեկանի հաց, շիլաներ, խնձորի և նռան հյութ:
Անհանգստություն, սթրես. երկարաձգվող սթրեսային իրավիճակը նույնպես կարող է հանգեցնել մազաթափության: Խորը զգայական ու ֆիզիկական ցնցումները կարող են առատ մազաթափություն առաջացնել նույնիսկ 2-3 ամիս անց: Պատճառը տեստոստերոնի մակարդակի բարձրացումն է, որը մշակվում է մակերիկամներում. այն արգելակում է մազերի աճը և մազաթափություն առաջացնում:
Դաշտանադադար. օրգանիզմում իգական` էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մշակման աստիճանական մարումը հանգեցնում է արական հորմոնների քանակի գերազանցման: 50 տարին կրիտիկական է համարվում կնոջ համար: Հոգեբանական բնույթի այս խնդրով է պայմանավորված սթրեսային վիճակը, որը շատ հաճախ հանգեցնում է մազաթափության:
Քիմիաթերապիա. քիմիաթերապիայից հետո տեղի է ունենում մազապարկերի աճի կանգ: Մազաթափությունը դադարում, ապա կարգավորվում է թերապիայի ավարտից հետո:
Ուռուցքաբանության մեջ լայն կիրառություն գտած ճառագայթային թերապիան միայն այն դեպքում է հանգեցնում մազերի աճի առումով անդառնալի հետևանքների, եթե ճառագայթումն ուղղված է գլխամաշկի վրա: Հաճախ դրա հետևանքով մազապարկերը վնասվում են, հետևաբար առաջանում է անդառնալի ճաղատացում:
Մազարմատների և գլխամաշկի արյան ոչ բավարար մատակարարում. տեղի է ունենում անոթների նեղացում, սրտանոթային խանգարումների և օստրիոխոնդրոզի ժամանակ: Մեծ դեր են խաղում նաև վնասակար սովորույթները՝ սուրճ և ալկոհոլ չափից շատ օգտագործելը:
Վիտամինների և միկրոէլեմենտների պակասը օրգանիզմում. այն հաճախ խորանում է ծխելու և ալկոհոլ օգտագործելու հետևանքով: Այդ ժամանակ վիտամինների մի մասը ոչնչանում է: Խնդիրը կարելի է լուծել շատ վիտամիններ օգտագործելով, նաև դեղահաբերի տեսքով:
Տարվա եղանակները. դրանցից կարող է կախված լինել նաև մազաթափությունը, գարնանը և աշնանը սովորաբար այն ակտիվանում է, բացի դրանից, մազերը վատ են տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը: