Տաքսի ծառայությունների վարորդները ոլորտի բարելավման առաջարկներով նամակ են հղել ՀՀ նախագահին
SocietyԱվտովարորդների պաշտպանության լիգան 22 կետից բաղկացած գրություն են ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա համակարգման միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները ուղևորափոխադրման ոլորտում խնդիրների կարգավորման ու լիցենզավորման կարգի բարելավման վերաբերյալ:
Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Հայաստանի ամբողջ տարածքում այս տարի 50 հազար տաքսու վարորդներից գործունեություն իրականացնելու համար լիցենզավորվել է միայն 5 հազարը: Իսկ 50 հազար մարդուց բաղկացած ոլորտը, մեր կարծիքով, կարող է վերահսկել միայն ճանապարհային ոստիկանությունը: Առաջարկում ենք, որ ստորաբաժանում բացվի ՀՀ ոստիկանությունում և դյուրացվի լիցենզավորման կարգը: Թող ոստիկանությունը շրջագայի և վերահսկի տաքսիների ոլորտը»,- ասաց լիգայի նախագահը:
Տաքսիների վարորդները նշում են, որ խնդիրներ կան նաև ապահովագրության հետ կապված, լիցենզավորումից հետո ապահովագրական ընկերությունները մեքենաները չեն ապահովագրում` բերելով տարբեր պատճառաբանություններ. կամ ապահովագրությունների սահմանաչափն է լրացել, կամ էլ վարորդն ապահովագրական ընկերության հետ չի համագործակցել և այլն: Ապահովագրություն ստանալու հնարավորության դեպքում էլ ընկերությունները ապահովագրական գներն են բարձրացնում:
«Համակարգային կայանատեղիների խնդիր կա, սխալ տեղում կայանելու դեպքում տուգանում են տաքսու վարորդները: Նրանք չգիտեն որտեղ կայանեն մեքենաները»,- ասաց անհատ տաքսու վարորդներից մեկը: