Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը
SocietyՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Տավիթյան» հիմնադրամի ղեկավար Ասո Տավիթյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ տասնյակ հայ դիվանագետներ հնարավորություն են ունեցել ուսանելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, շնորհակալություն հայտնել արտգործնախարարությանը ցուցաբերած աջակցության համար։
Էդվարդ Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի գործունեությունը։ Շեշտվել է, որ դպրոցի արդեն ութ տասնյակ շրջանավարտներ համալրել են ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։