Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է 40 հավաքածուից բաղկացած նամականիշների ցուցահանդես
CultureՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 4 օր կգործի աշխարհի տարբեր մասերում ապրող 40 ֆիլատելիստների նամականիշների հավաքածուների ցուցահանդեսը` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արմենպրեսի փոխանցմամբ` նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ նաև թանգարան-ինստիտուտի 20-ամյակին նվիրած «Հայփոստ» ընկերության կողմից թողարկված երկու նամականիշների մարման արարողությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով` ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիայի լեզվով անդրադառնալ ծանրագույն հանցագործությանը` ցեղասպանությանը, ինչպես նաև ֆիլատելիստական շարժումը նոր սերնդի շրջանում ավելի հայտնի դարձնել: «Մենք ցանկանում ենք, որ այդ շարժումը նոր անդամներ նեգրավի: Ֆիլատելիան բացառիկ մի աշխարհ է, այստեղ կարելի է ինքնակրթվել, աշխարհը ճանաչել, լայնացնել մտահորիզոնը: Այստեղ կանգնածների մեծ մասը իր պատանեկության տարիներին անցել է այդ ճանապարհով, բայց որոշների համար այն մնացել է ամբողջ կյանքի հետաքրքրություն»,-նշեց Հայկ Դեմոյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ նկատեց, որ օրը պատմական էհայ ֆիլատելիստների համար, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր կողմերից: «Մենք բազմիցս ասել ենք, որ գերբը, դրոշը, դրամը և նամականիշները երկրի խորհրդանիշն են: Քո ընկերոջը կամ բարեկամին գերբը, դրոշն ու դրամը չես նվիրի, բայց նամականիշներ նվիրելն ամբողջ աշխարհում ընդունված բան է: Պատահական չէ, որ պետական արարողակարգերի ժամանակ երկրի պետական այրերը ազգային նամականիշների հավաքածուներ են նվիրում միմյանց»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանն էլ նկատեց, որ ցուցահանդեսի թեմատիկան չի սահմանափակվում միայն ցեղասպանության 100-րդ տալիցով, այլ ամբողջ Հայաստանն է ներկայացված: «Սա առհավատչյա է` ուղղված ամբողջ աշխահին, որ կանք, ապրում ենք, ստեղծագործում ու դեռ լինելու ենք»,-ավելացրեց փոխնախարարը: Գագիկ Թադևոսյանը կարևորեց ֆիլատելիայի միջոցով պատմական իրողությունն աշխարհին ներկայացնելու փաստը:
Ցուցադրությունը կգործի նոյեմբերի 21-24-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում, իսկ նոյեմբերի 25-27-ին Ցիտադել բիզնես կենտրոնում: ՀՀ-ից, Լեռնային Ղարաբաղից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ռուսաստանից, Լիտվայից և Ուկրաինայից ցուցադրությանն իրենց հավաքածուները ներկայացրած մասնակիցները խրախուսվելու են հատուկ շնորհակալագրերով և մեդալներով:
Ցուցահանդեսն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության և մի խումբ այլ անհատների ու կազմակերպությունների աջակցությամբ: