Թուրքիայում վերանորոգված հայկական եկեղեցին որպես թղթի պահեստ է օգտագործվում
SocietyԹուրքիայի Իզմիրի նահանգի Բայընդըր շրջանում վերանորոգված հայկական եկեղեցին վերածվել է ստվարաթղթի պահեստի:
Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, լրագրողներին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շրջանային կառույցի ղեկավար Ողուր Դեմիրեզենը` նշելով, որ հայկական եկեղեցին պահեստի է վերածել հենց շրջանային իշխանությունը, որի ղեկավարը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Ուֆուք Սելսին է:
«Փոխանակ մշակույթի կենտրոն դարձնեն, եկեղեցին վերածել են ստվարաթղթի պահեստի», -ասել է Դեմիրեզենը:
1857 թվականին կառուցված եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո հանրապետություն հռչակված Թուրքիայում վերածվել էր կինոթատրոնի:
Եկեղեցին Թուրքիայի մշակությի եւ զբոսաշրջության նախարարության ու Իզմիրի նահանգապետարանի կողմից վերանորոգվել էր որպես մշակույթի կենտրոն օգտագործելու նպատակով, ինչի համար ծախսվել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ 350 հազար դոլար):