Խերսոնում էլեկտրահաղորդման գծերի վնասվելու առիթով քրեական գործ է հարուցվել
SocietyNews.am-ը գրում է.
Խերսոնի մարզում էլեկտրահաղորդման գծերի վնասվելու առիթով Ուկրաինայի ՆԳՆ-ն չորս քրեական գործ է հարուցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Խերսոնի մարզի ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը:
Քրեական գործերից մեկը վերաբերում է էլեկտրաէներգետիկ օբյեկտները կանխամտածված վնասելու փաստին, եւս երկուսը՝ ոստիկանության երկու աշխատակիցներին մարմնական վնասվածք հասցնելու համար: Բացի այդ, քրեական գործ է հարուցվել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:
Ուրբաթ Խերսոնի մարզում վնասել են էլեկտրահաղորդման գծերի հենարանները, որոնք էլեկտրականություն են մատակարարում Ղրիմի եւ Ուկրաինայի հարավային շրջաններին: Արդյունքում թերակղզին գրեթե ամբողջությամբ զրկվել է հոսանքից: Մասնագետներից բացի Ղրիմ են ժամանել նաեւ թերակղզու շրջափակման ակտիվիստները, որոնք ցանկանում են թույլ չտալ վերականգնել թերակղզու լիարժեք էլեկտրամատակարարումը: