Հոսանքի տատանման պատճառով այգեպատցիները զգալի վնասներ են կրել
SocietyԵրեկ գիշեր Արարատի մարզի Այգեպատ գյուղում կեսգիշերին էլեկտրական հոսանքի տատանումների պատճառով այգեպատցիների մեծ մասի տների էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են եկել:
Գիշերը ողջ գյուղը ոտքի է կանգնել՝ պահանջելով կատարվածն արձանագրել և ամեն ինչ անել, որպեսզի մեղավորները փոխհատուցեն հասցված գույքային վնասները: Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անցած գիշեր տուն առ տուն մտել և ծանոթացել է բոլոր բնակիչների խնդիրներին:
«Այս պահին էլցանցում եմ, բայց դեռ պարզ չէ, թե ընդհանուր առմամբ որքան է վնասի չափը կազմում: Դեռ նոր ենք գնում գույքագրում անելու: Կան տներ, որ թանկարժեք տեխնիկա է այրվել, բայց տներ էլ կան, որ մեկ հեռուստացույց կամ համակարգիչ է շարքից դուրս եկել:
Մեկ տուն է եղել, որ թանկանոց տեխնիկա է շարքից դուրս եկել, բայց դեռ չեմ կարող ասել, թե ինչքան վնաս է եղել»,- ասաց Ս.Պետրոսյանը:
Այգեպատի գյուղապետը տեղեկացրեց նաև, որ հոսանքի լարման տատանման հետևանքով հրդեհ կամ մարդկային վնասներ չեն եղել:
Ավելի վաղ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նույնպես տեղեկացրել էր, որ մարզպետարանն էլ իր հերթին թիկունք կկանգնի տուժածներին և ամեն ինչ կանի, որպեսզի պատասխանատուները վնասները փոխհատուցեն:
Արմինե Գրիգորյան