Մասնագետներն աշխատում են Գառնիի դիտարանի ինտերֆերոմետրի վերագործարկման ուղղությամբ
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 23-ին կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 209 դեպք: Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածաշրջանում» ծրագրի 2-րդ փուլի (PPRD EAST-2) ազգային խորհրդատվական խմբի հանդիպման արդյունքների մասին:
Խորհրդակցությանը «ՍՊԾ» պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ռուս և ավստրիացի գործընկերների հետ՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի լազերային ինտերֆերոմետրի վերագործարկման ուղղությամբ:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առաջիկա օրերի եղանակի կանխատեսմանը: Ծառայության պետը հաղորդել է, որ հանրապետության տարածքում կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։