Քննչական կոմիտեն և ՀՀ-ում կապի չորս օպերատորները ստորագրեցին hամագործակցության փոխըմբռման հուշագիր
SocietyՀՀ քննչական կոմիտեն և Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային և բջջային կապի չորս օպերատորները («Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ», «Օրանժ Արմենիա» և «Արմենտել» ՓԲԸ-ները) ստորագրեցին hամագործակցության փոխըմբռման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ:
«Նախկինում ևս հանրային և բջջային կապի օպերատորները, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով քննությանն անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում, երբեմն մեկ ամիս կամ ավելի երկար ժամկետում էին հասնում նախաքննական մարմին, ինչը հանգեցնում էր նախաքննության ժամկետների ձգձգմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նա հավելեց, որ դեռևս նոյեմբերի 2-ին իր հանձնարարությամբ նման կարգով աշխատանքի անցնելու փորձը ներդրվել է Շիրակի և Սյունիքի մարզային քննչական վարչություններում, ինչը տվել է էական արդյունքներ` քրեական գործերի քննության ժամկետների կրճատման հարցում: «Պատկերացրեք, որ հիսուն հեռախոսահամարների լսումներ, որոնք իրականացվել են երեսուն քրեական գործերի շրջանակում, մենք ստացել ենք մեկից-չորս օրվա ընթացքում, իսկ նախկինում այդ գործընթացը տևում էր ամիսներ»,-պարզաբանեց Հովսեփյանը:
«Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ», «Օրանժ Արմենիա» և «Արմենտել» ՓԲԸ-ներն ապահովելու են սեղմ ժամկետներում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժին. «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կատարվելու են առաջին հերթին:
Իր հերթին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը կարևորելով այս հուշագրի ստորագրումը` նկատեց, որ այսուհետև Քննչական կոմիտեի հետ աշխատելու են էլեկտրոնային սկզբունքով, և տեղեկատվության փոխանակումը տևելու է վայրկյաններ: «Մենք Քննչական կոմիտեի հետ համատեղ մշակել ենք հատուկ ծրագրեր` էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանցման գործընթացի անվտանգությունն ապահովելու համար, որն իրականացվելու է առանձին կապուղիներով»,-ընդգծեց նա: