Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է
EconomicsՀայաստանի հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2015 թ. տարեսկզբին կազմել է 3 մլն 10 հազար 600 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6500-ով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Նվազումը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ: Ունեցել ենք շուրջ 15 հազար բնական հավելաճ և 21 հազար 800 միգրացիայի բացասական մնացորդ, ինչի արդյունքում նվազման միտումը մեղմվել է: 2014 թ. բնակչության բնական շարժի ցուցանիշում արձանագրվել է ավելացում, որովհետև ծնունդների թվաքանակն ավելացել է, գրանցվել է 43 հազար 31 ծննդյան դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 3 տոկոսով ավելի է»,- հավելեց նա:
Անդրադառնալով միգրացիոն հոսքերին` Կույումջյանը նշեց, որ բնակչության տեղաշարժի ուսումնասիրությունների արդյունքով 65,4 տոկոսը դեռևս չի վերադարձել: 34,6 տոկոսը վերադարձել է, դրանից 0,6 տոկոսն առաջին անգամ հանրապետություն ժամանած միգրանտներ են:
Ուսումնասիրությունները ներկայացնում են Հայաստանի բնակչության տեղաշարժը թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում: