Որպես ժողովրդավարության ճանապարհով անցնող երկիր՝ անցնում ենք ավելի քաղաքակիրթ ընտրարշավ անցկացնելուն. Հերմինե Նաղդալյան
InterviewԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ, խոսելով ՀՀ-ի հյուսիսում եւ հարավում անցկացվող ռեալիթի շոուի մասին, նշեց, որ տվյալ ձեւաչափը ողջունելի է, այն նոր մշակույթ է մտցնում քարոզարշավի շրջանակում:
«Այս ընտրարշավը նոր քաղաքական մշակույթ ձեւավորեց, կարծում եմ, որ ռեալիթի շոուն տեղին էր: Մենք քննարկում ենք Սահմանադրությունը, որի հետ կապված անցկացվելու է հանրաքվե:
Ըստ էության՝ սա մի խնդիր է, որը կարծես ոչ իմն է ու ոչ էլ քոնը, առանց առանձնահատուկ հեռանկարների, այն մի փաստաթուղթ է, որը հիմնարար է երկրի համար, այն մեր եւ յուրաքանչյուր քաղաքացու մայր օրենքն է, որտեղ սահմանված են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, պարտականությունները: Սա այն փաստաթուղթն է, որի քարոզրությունը մենք պետք է իրականացնենք մեկ այլ քաղաքական մշակույթի մեջ իմ ու քո չանելով»,- ասաց Հ. Նաղդալյանը:
«Պետք է լինի բոլորիս համար հավասար շահագրգռվածություն թե´ որպես քաղաքացիներ, թե´ որպես քաղաքական ուժեր: Այդ իմաստով ռեալիթի շոուն մի նոր մշակույթ է: Նախկինում մենք չենք ունեցել նման տարբերակ, այն բավական լավ հնարավորություն է, որ տարբեր ուժի ներկայացուցիչներ հավասար բանավեճի մեջ տարբեր բնակավայրերում կարողանան իրենց կարծիքները հասցնել, ու որ մարդիկ էլ կարողանան եզրակացության գալ ուղղակի շփումների ընթացքում:
Հարցը, փաստարկները երկկողմանի են, որը հնարավորություն է ընձեռնում կարծիք ձեւավորել: Այս ընթացքում մարդիկ լսում են «Այո»-ի կամ «Ոչ»-ի դեմ փաստարկները՝ իրենց հակադարձումներով հանդերձ: Ես կարծում եմ, որ սա լավ քաղաքական մշակույթ է ու արժե, որ այն արմատավորվի: Այս քարոզչության մեջ այդ դրական երեւույթները պետք է զարգանան:
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեզ մոտ քարոզչությունն անց է կացվում աղմուկ-աղաղակի մեջ, ամեն ինչ անհանգիստ է լինում, իսկ այսօր արդեն քայլ առ քայլ, որպես ժողովրդավարության ճանապարհով անցնող երկիր, անցնում ենք ավելի քաղաքակիրթ ընտրարշավ անցկացնելուն»,- նկատեց Հ. Նաղդալյանը:
Սոսե Չանդոյան