Հայաստանում 2014թ-ին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս
EconomicsՀայաստանում աղքատության մակարդակը 2014 թ. կազմել է 30 տոկոս: Երկրի 10 բնակչից 3-ի ամսական ծախսը կազմել է 40,264 ՀՀ դրամից ցածր: Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:
«2014-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքով Հայաստանի մշտական բնակչության կազմում աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Այս ցուցանիշում առավել աղքատների թվաքանակը կազմում է 330 հազար, իսկ ծայրահեղ աղքատներինը 70 հազար մարդ: 2014 թ. աղքատության խորություն ու սրությունը զիջել է 2008-ի համապատասխան ցուցանիշներին: Աղքատության խորությունը գնահատվել է 4,5 տոկոս, իսկ սրությունը`1,3 տոկոս»,- ասաց Մարտիրոսովան:
Բաժնի պետի փոխանցմամբ` 2014 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը գերազանցում է 2008-ին 0,7 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը`2,4 տոկոսով: Աղքատության վերացման համար պետությանն անհրաժեշտ է մոտ 66,2 մլրդ դրամ:
«Դիտարկելով տնային տնտեսությունների եկամուտների աղբյուրները, ըստ բնակավայրերի ակնհայտ է դառնում, որ վարձու աշխատանքից ստացված եկամուտների կաևորոությունը մեծ է հատկապես քաղաքաբնակաների համար, քանի որ 2014-ի տվյալների համաձայն, այն կազմել է ամբողջական եկամուտների 55 տոկոսը», նշեց նա:
Մարտիրոսովայի խոսքով, 2014թ-ին գյուղական և քաղաքային բնակավայրերում աղքատությունը շատ չի տարբերվում:Քաղաք-գյուղ բաշխվածության արդյունքով, ծայրահեղ աղքատների 67,9 տոկոսը քաղաքաբնակներն են, իսկ ամենաաղքատ մարզը` Շիրակն է. աղքատության ցուցանիշն այստեղ կազմել է 44 տոկոս: