Երեկ «THéatre Jean Arp» դահլիճում Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը համերգով հանդես են եկել ֆրանսահայ հանդիսատեսի համար, որի հյուրն է եղել Փարիզում ապրող երգչուհի Արեւիկ Ալավերդյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում Արեւիկ Ալավերդյանը պատմել է, որ երեկ իսկապես տոն է եղել ֆրանսիայում ապրող հայերի համար.
«Համերգի կազմակերպիչներն էին «Anna Karolina Production»-ը եւ «Copea» կազմակերպությունը: Պետք է ասեմ, որ հրաշալի համերգային երեկո ունեցանք, որը վարում էր Արմեն Պետրոսյանը՝ մեր շատ սիրելի Մենչը, իսկ մասնակցում էին Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը: Շատ ուրախ եմ, որ ինձ էլ առաջարկեցին որպես հյուր միանալ նրանց: Չնայած Փարիզում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսը իսկապես չափազանց ջերմ էր, իսկ նրանց ջերմությունն էլ մեզ՝ կատարողներիս, ավելի էր ոգեւորում»,- պատմեց երգչուհին:

Մեզ հետ զրույցում Արեւիկ Ալավերդյանը կիսվեց նաեւ բեմի հանդեպ իր կարոտի մասին. «Վաղուց բեմ դուրս չէի եկել, եւ պետք է խոստովանեմ, որ անչափ կարոտել էի: Հավատացեք, ելույթիցս առաջ շատ էի հուզվում, լարվում, կարծես թե կյանքիս առաջին բեմելը լիներ: Իսկապես շատ ուրախ եմ, որ տեղի ունեցավ այս համերգը, որին հնարավորություն ունեցա ես էլ մասնակցել»,- նշեց նա:
