Արտաքին ճնշումների ազդեցությունը զգացնել է տալիս
EconomicsՎերջին ամիսներին արտաքին հատվածից թելադրված ճնշումները Հայաստանի տնտեսության վրա ակնհայտորեն ավելացել են։ Դրանք կապված են ինչպես հումքային ապրանքների շուկաներում տեղի ունեցող դրսեւորումների, այնպես էլ որոշ գործընկեր երկրների տնտեսություններում եւ ֆինանսական շուկաներում ստեղծված անբարենպաստ իրավիճակի հետ։
Արտաքին ազդեցությունների խորացման հետեւանքներն աստիճանաբար սկսել են արտացոլվել նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ։ Այդ են վկայում նաեւ վիճակագրական ծառայության այսօր հրապարակած օպերատիվ տվյալները։
Դրանց համաձայն, տասը ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 0,2 տոկոսով նահանջել է։ Թեեւ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համեմատ այն շարունակում է մնալ բավական բարձր։
Վիճակագրական ծառայության տվյալներով, տարեվերջից երկու ամիս առաջ տնտեսական ակտիվությունը կազմել է 3,5 տոկոս։ Ամենաբարձր աճը շարունակում է մնալ գյուղատնտեսության ոլոտում։ Տասը ամիսների կտրվածքով այն նույնիսկ մի փոքր բարելավել է՝ հասնելով 11,6 տոկոսի։
Փոխարենը՝ փոքր նահանջ կա արդյունաբերության մեջ։ Ինը ամիսների 4,8 տոկոս աճից այն վերադարձել է 4,6 տոկոսի։
Դրա վրա անշուշտ բացասաբար է ազդել միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների, մասնավորապես պղնձի գների անկումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են տոննայի հաշվով գրեթե 500 դոլարով։ Հաշվի առնելով այս ոլորտի նշանակությունը արդյունաբերության համար, նման փոփոխությունը չէր կարող որեւէ ազդեցություն չունենալ։ Ընդհակառակը՝ ենթադրվում է, որ այն կարտահայտվի նաեւ նոյեմբերի ցուցանիշների վրա, քանի որ անկումային իրավիճակը այս շուկայում շարունակում է պահպանվել։
Մի տեսակ կայուն վիճակ է շինարարության մեջ։ Այստեղ գրեթե կրկնվում են նախորդ տարվա ցուցանիշները։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2,2 տոկոսով։
Մի փոքր խորացել է անկումը արտահանման ոլորտում՝ պայմանավորված դարձյալ արտաքին շուկաներում ձեւավորված անբարենպաստ միջավայրով։
Վտանգները, որ դրսից թելադրված բացասական գործոնները կպահպանվեն նաեւ առաջիկայում, միանշանակ են։ Այդ պայմաններում տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա ճնշումը, ըստ ամենայնի, դեռեւս կշարունակի դրսեւորվել։
Այնպես որ, առաջին կիսամյակի համեմատ տարեվերջին պետք է սպասել տնտեսական աճի մի փոքր ավելի ցածր մակարդակ։ Առկա դրսեւորումները հիմք են տալիս ասելու, որ այն հավանաբար կլինի 3-3,5 տոկոսի սահմաններում։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ