Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավորինս շատ տարբեր ուղղվածություն ունեցող դպրոցներ
SocietyՀայաստանի Հանրապետությունում պետք է ավելացնել տարբեր ուղղվածություններով դպրոցների (քիմիակենսաբանական, պատմա-աշխարհագրական և այլն) քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանին առընթերԱրտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1974 թվականի շրջանավարտ, ներկայումս տնօրենՀայկազն Նավասարդյանը:
«Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավորինս շատ տարբեր ուղղվածություն ունեցող դպրոցներ, որտեղ կներառվեն և մանկավարժների, և աշակերտների հավաքական ուժերը, ինչը իր հերթին կնպաստի միջին կրթության որակի բարելավմանը: Շատերը խոսում են այլ երկրների կրթական ոլորտի դրական փորձերի մասին, և յուրաքանչյուրը դա յուրովի է օգտագործում: Սակայն, մենք առաջ ենք տանում հայկական դպրոցի փորձը և, մնալով որպես ավանդական դպրոց, շատ բան չենք փոխել` միաժամանակ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, նոր մեթոդները և կարողությունները&r aquo;,-շեշտեց Նավասարդյանը` հավելելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ընթանում են բանակցություններ` դպրոցի բարելավման և ժամանակակից պահանջներին հարիր, վերանորոգված մասնաշենք ձեռք բերելու համար: «Մեզ անհրաժեշտ է 21-դարի դպրոց ոչ միայն բովանդակային առումով, այլ նաև նյութատեխնիկական բազայի տեսանկյունից. դա վերաբերում է ոչ միայն մեր դպրոցին»,-պարզաբանեց բանախոսը:
Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ դպրոցում բացվել է աշակերտների նկարների և ձեռագործ իրերի ցուցահանդես:
[gallery id= 56096]
Անդրադառնալով ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հաջողություններին`տնօրենն ասաց հետևյալը. «Դպրոցի ստեղծման ժամանակ` 1965 թվականին, ֆիզիկամաթեմատիկական ոլորտում բում էր, և բոլորը ցանկանում էին սովորել այստեղ: Բնականաբար, տարբեր տարիներին ֆիզմաթ դպրոցը ունեցել է իր հաջողությունները, և մենք, առայսօր մնալով դասական դպրոց, շարունակում ենք քարը քարի վրա դնելով ավելացնել մեր դպրոցի հաջողություններն ու ձեռքբերումները: Ի սկզբանե մենք ունեցել ենք մանկավարժների մի հզոր փունջ, որը լավ հիմք է դրել մեր այսօրվա հաջողությունների համար: Անկախությունից ի վեր մեր հնարավորությունները ընդլայնվեցին այն առումով, որ մենք կարողանում ենք մեր գիտելիքները և կարողությունները ցուցադրել նաև միջազգային ասպարեզում. Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից ի վեր միջազգային օլիմպիադաներում վաստակել է 193 մեդալ, որոնցից 97-ը` մեր դպրոցի սաների շնորհիվ: Վերջին չորս տարում մեր դպրոցի սաները վաստակել են 75 մեդալ, իսկ ընթացիկ տարում` 27 մեդալ, ինչն աննախադեպ էր»:
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում ներկա դրությամբ սովորում է 628 աշակերտ, որոնցից 17-ը` մարզերից և Արցախից:
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հայտնի շրջանավարտներից են «Սինոփսիս Արմենիկա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, այլոք: