Այս տարի հանրապետությունում մթերվել է 63 հազար 800, արտահանվել 70 հազար 200 տ պտուղ-բանջարեղեն
EconomicsԱյս տարվա ընթացիկ արդյունքներով հանրապետությունում մթերվել է շուրջ 63 հազար 800 տ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա մթերման ծավալներից 16 հազար 200 տ ավելի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամաբ` այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀգյուղատնտեսության նախարարի տեղակալ ՌոբերտՄակարյանը:
«Մթերված բերքից 43 հազար 200 տ բանջարեղենն է, 20 հազար 500 տ պտուղը: Այս տարի նախորդ տարվա համեմատ մթերվել է 16 հազար 200 տ ավելի: Առանձին մթերվել է 216 հազար 800 տ խաղող: Խաղողի մթերման ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները 37 հազար 200 տ»,- նշեց փոխնախարարը:
Խոսելով այս տարվա արտահանման ընդհանուր ծավալների մասին`Մակարյանը նշեց, որ այս տարի արտահանվել է 70 հազար 200 տ պտուղ բանջարեղեն, որը 28 հազար տ գերազանցում է նախորդ տարվա արտահանումների մակարդակը:
«Արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է, որտեղ առաքվել է ընդհանուր արտահանման ծավալների 84 տոկոսը: Հայաստանից այս տարի ՌԴ արտահանվել է 11 հազար տ խաղող` նախորդ տարվա 6 հազար 200 տ դիմաց»,-նշեց նա` հավելելով, որ արտահանումներ են իրականացվում նաև Վրաստան, ԱՄԷ, Լեհաստան, Քուվեյթ, Չեխիա, Ղազախստան, Բելառուս, Իրան: Արտահանումները դեռևս շարունակվում են, և ծավալները կավելանան:
Անդրադառնալով նաև մթերումների արդյունքում վերամշակողների ունեցած պարտքերին, փոխնախարարը նշեց, որ վերամշակող ընկերություններին տրամադրվում են հատուկ պայմաններով վարկեր մթերումներից առաջացած պարտքերը մարելու համար:
«Այն կազմակերպությունները, որոնք պլանավորվածից ավելի են մթերել կամ ունեն ֆինանսական խնդիրներ, փոխադարձ համաձայնության են եկել գյուղացիների հետ, պայմանագրեր կնքել, և վճարումները կարվեն սահամանված ժամանակացույցների համաձայն»,- նշեց Մակարյանը:
Նրա խոսքով` պտուղ-բանջարեղենի մթերման ընդհանուր վճարումների 93, 2, իսկ խաղողի մթերման 63, 5 տոկոսն արդեն կատարվել է: